Կյանքի միակ չհարմարվող ավարտաժամանակահատվածը

Իմ կյանքը չունի միազանգված ու միալար ճանապարհ, այն բաժանված է շատ ժամանակահատվածներիՙ ինչ-որ բաներից առաջ ու հետո, ընթացքում կամ արդեն ավարտին ու ես միշտ փոխվում եմ, լինում եմ համահունչ ու հանդուրժող, համբերատար ու շատ ինքնագոհ: Դրանք մի գծի վրա հատվածներով բաժանված չեն, այլՙ մեծ շրջաններ, իրարից միգուցե մի ահագին հեռու ու լցված շատ տարբեր կյանքերով: Երբ վերջանում է մի ժամանակահատվածը, ես երբեք չեմ փոշմանում, այլՙ թողնում ազատ ամեն ինչ ու սկսում հարմարվել նորինՙ ինձ զգալով բացահայտ երջանիկ: Հա, ես միշտ բացահայտ ու երևացող երջանիկ եմ, երբեք ոչ-ոք չի կասկածում իմ կենսախինդության, կյանքախինդության ու ինքնախինդության վրա ու ես դա թաքցնելու պատճառ չունեմ: Երջանկությունը կարող է լինել նաև ցուցադրական ու ձևավոր, սակայն այն պետք է լավ ցուցադրել ու ձևացնել: Ես միշտ վստահ եմ, որ իմ կյանքը ինձ չի հիասթափեցնի, քանի որ ես նրան շատ եմ սիրում ու սիրում եմ մարդկանց, որոնք նրա մասն են կամ մասը չեն, ներսում կամ դրսում, կողքից դիտորդ ու հետաքրքրասեր: Ինչի մասին, որ պետք է գրեմ, ահավոր դժվարանում եմ, որովհետև այս 21 ինքնագոհ տարիների ընթացքում առաջին անգամ ես չեմ ուզում ավարտել մի ժամանակահատված, որ նման է ու ընդհանրապես նման չէ մնացածին: Երբ չնման բայց նույնիմաստ երևույթներ տարբեր ժամանակահատվածներում միանում են քո կյանքին, դու չես էլ համեմատում, ես երբեք ոչինչ չեմ համեմատել, միշտ ձգտել եմ միակին, որ կարող է երբեք էլ իդեալական չլինել, կարող է իմ երազածն ու աշխարհիամենանախանձելին չլինել, բայց լինել սեր ու մեծատառով ու Ս տառով: Ես ուզում եմ անցնել աշխարհիամենադժվարությունների միջով ու հասնել քեզ, ես ուզում եմ հաղթահարել աշխարհիամենախնդիրներն ու ունենալ քեզ աշխարհիմինչևվերջ ու երազում եմ այն մասին, որ այժմյան մեծատառ Ս տառը լինի հավիտյան, իմ Ս տառը, իմ Ս սերն ու ստիպի մտածել, որ կառուցած իդեալներս ծիծաղելի են իր համեմատ ու իր իդեալականությունը երբեք չի հատել իմ երևակայությունն ու ես չէի կարող պատկերացնել այդպիսի մեկին: Իմ ժամանակահատվածները երբեք չեն գլորվել դեպի անդունդ, որովհետև շրջանները գտնվել են հարթության վրա ու միատոն լցրել են կյանքս, գծել են ժամանակահատվածի սահմաններն ու մի ամբողջ պտույտ կատարելուց հետո ինձ գցել մյուսի մեջ: Այս ժամանակահատվածը հեռու է բոլոր տեսակի հին շրջաններից ու գտնվում է ուրիշ հարթության, ավելի շուտՙ անհարթության վրա ու շրջանագիծը մեկ-մեկ ընդհատվում է, թողնում բաց տեղ, որ կանգնես ու մտածես հետագա գծի լիրության շուրջ, եթե պետք է ետ դառնաս, կամ եթե համարձակություն ունես, ցատկես ընդհատված հատվածում գտնվող ճահճի վրայով, սակայն դա վերջին ճահիճը չէ: Մեծատառ Ս տառով սկսվող ճահիճը նույնիսկ շատ գրավիչ է, սակայնՙ ոչ արդարացնող: Շրջանագիծը պետք է հաղթահարել, ես ուզում եմ դա հաղթահարել, ես ստեղծելու եմ նույն ժամանակարջանին բնորոշ շրջան առանց գծերի ու անծայրածիր ամենահավասար ու հարթ կյանքի վրա ու վայելել քեզ իմ ամբողջ տիրույթում ու աշխարհի բոլոր ժամանակներումՙ առանց որևէ հատվածների:

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s