Աշխարհի իրական հրաշալիքները

Իրականում ոչ թե ինչ-որ շինություններ են հրաշալիքներ, այլ հենց ինքը՝ մարդը, որովհետև դրանք ստեղծողն էլ մարդն է, ու կյանքը, որ ապրում է մարդը հենց հրաշալիքն է, որ կա: Չեմ կարծում, թե լինեն մարդիկ, որ իրենց կյանքը հրաշալիք համարեն, որովհետև, իհարկե, ամեն ինչ լավ է, բայց եթե այս մի բանն էլ լիներ, ավելի լավ կլիներ: Կամ, օրինակ, որ հրաշալիքը մխիթարվում է, որովհետև կարող էր այդքանն էլ չլինել, որովհետև այն ինչ կա, բավական է. բայց ինչ հիմարություն: Կամ էլ ասում են, թե շատի ետևից վազողը քչին էլ չի հասնի. իրական հիմարություն, որ շեղում է քեզ իրական հրաշալիք ստեղծելու ճանապարհից: Այդ բոլոր հին ու նոր ոչ իրական հրաշալիքները ստեղծվել են իրականների կողմից, որովհետև չեն հավատացել խավարի անհաջողակներին ու չեն բավարարվել քչով: Մարդիկ բոլորն էլ կարող են հասնել հրաշալիքների, բայց երբեք չեն հասնում: Օրինակ, ինչու են մի որևէ հասարակությունում կուտակված բոլոր հրաշալիքները բավարավում նրանով, որ ունեն, օրինակ, առողջություն ու մնացածն արդեն կարևոր չէ: Բայց չէ որ առողջությունը պետք է հրաշալիք ստեղծելու համար, այլ ոչ թե ապրելու: Կարող եք լինել նաև էգոիստ. ստեղծել մի նոր բան սեփական օգտագործման համար ու ցույց տալ ամբողջ աշխարհին, բայց միայն ցույց տալ: Թող իրենք էլ իրենց հրաշալիքների պատկերացման անսահմանում ստեղծեն մի նոր հրաշալի բան:

Ազատ հրաշալիքները, գուցե, ժամանակավոր են: Ամենաանազատ հրաշալիքը սերն է, մնացած ամեն ինչ, եթե անազատ է, ուրեմն հրաշալիք չէ: Ամեն ինչ էժանագին է, եթե սեր չկա: Հրաշալիքը պետք է սիրել այնպես, ինչպես կցանկանաս, որ այն լինի: Երբ պարկում ես քնելու, սկսում ես մտածել հրաշալի հրաշալիքի մասին, երազելի, երանելի ու երբեք չես մտածում, որ այդ հրաշալիքը ստեղծողը դու ես:

Սերը ամենաանիմաստ բանն է, որ կարող էր ստեղծել հրաշալիք ստեղծող մարդը: Սիրելու ժամանակ են արվում աշխարհի ամենահրաշալի սխալները, որ հետո դառնում են ատելի, ու ինչքան էլ կողքից բոլորը ասում են, որ արած բաների համար երբեք չեն փոշմանում, միևնույն է, աշխարհում գրեթե ամեն ինչ փոշմանելիք է, որովհետև մեռնում ես վերջիվերջո ու փոշմանում, որ մի քիչ ավելի շատ չփոշմանեցիր, իսկ մինչ այդ էլ փոշմանում, որ մի քիչ շատ փոշմանեցիր:

Կյանքը պետք է դարձնել հրաշալի այնպես, ինչպես ցանկանում ես, պետք է սիրել այնպես, ինչպես ցանկանում ես, պետք է ստեղծել նոր չափորոշիչներ, եթե կա դրա կարիքը կամ չկա, որովհետև պարզապես կա դրա ցանկությունը: Ուզում ես ինքդ որոշել կարելիի ու չի կարելիի անսահմանները, ուզում ես համոզել, որ քո վիճակում հայտնվածը այդ պահին գուցե նույնպես հրաշալիք չհամարվեր, բայց կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք ենք տեսնում. օվկիանոսի ափին հայտնված մարդն ու ձուկը նույն վայրում են, բայց ոչ նույն իրավիճակում: Օվկիանոսի մեջ ձուկ-հրաշալիք լինելը իսկական հրաշալիք է, պետք է այնտեղ վերածնվել…

Advertisements

Ինքնաազատություն

Իմ պուճուրիկ ուղեղը երևի դեռ չգիտի, որ միաժամանակ ստիպված է մտածել տասնյակ տարբեր երևույթների շուրջ ու բոլորի համար հստակ տեղեր, կարգեր ու նշանակություն սահմանել: Ես արդեն մոռացել եմ, թե ինչ է նշանակում գրել այն, ինչ ինքս ցանկանում եմ, որովհետև իրականությունը, որին արդեն համակերպվել էի, ստիպեց մտածել, թե ուզելը ոչինչ է, որ գրել այն ինչ ուզում ես ոչ ոքին ձեռք չի տալիս ու չի հետաքրքրում: Ես հասկացել եմ, որ այն ամենն, ինչ առնչվում է սեփական անձիս հետ, շատ դժվար է հասկացվում, վերլուծվում, ընկալվում ինքս իմ կողմից… Մի խոսքով ես ինձ չեմ նկատում, դառնում եմ երբեմն էլ գործիք, որն այդ պահին նույնիսկ չեմ էլ հասկանում: Ես սիրում էի իմ վաղեմի ազատությունը, որն ինձ համար հանդիսացավ աշխարհի ամենասահմանափակելիքը: Եթե չգիտես, թե ինչ է մի երևույթի հակառակն ու հակաթույնը, երբեք ոչինչ չես համեմատում ու հարմարվում, սիրում ու գոհանում ես սեփականով, որովհետև չկա աշխարհում ուրիշ ոչինչ:

Ես նույնիսկ հիմա խմբագրում եմ գրածս, ինչն առաջ չեմ էլ փորձել: Ժամանակը սովորեցնում է ամեն ինչ, սովորեցնում է երևույթները տարանջատել, տարբերել կարևորը անկարևորից, բայց երբեք չի սովորեցնում, թե ով է արժանի լավին կամ վատին ու ընտրությունն է, որ հենց սահմանափակում է քեզ: Քո ընտրության հնարավորությունը, որը հանդիսանում է իբրև ազատություն, ամենաանազատության մեջ է գցում: Մարդը երբեք ազատ չէ, նրա բոլոր ցանկությունները կախված են շրջապատի մարդկանցից, նրանց ցանկություններից կամ հակառակը: Երբեք ոչ ոքի երազանքը մի նոր բան չէ, դա կրկնությունն է անցած միլիարդավոր մարդկանց, հասարակության մտքերը կազմված են մնացածի ազդեցությունից ու դու կամ իրեն հակառակ արհամարում ես երազանքների իր բազան, կամ ընդունում ես ու դարձնում սեփականը:

Ես երբեք չեմ փորձել երազել մի բանի մասին, ինչ դիմացինս, բայց հասկանում եմ, որ իմ երազանքից ունեն աշխարհի մարդկանց կեսը կամ գուցե ավելին, ու ես արդեն ազատ չեմ իմ ընտրության հարցում, որովհետև ինքս չեմ հորինել այդ երազանքի բովանդակությունը:

Միակ բանը, որ տալիս է ազատություն, ընտրած մարդկանց գործոնն է: Միակ երևույթը, որ դու ինքդ ես հորինում, մարդիկ են, որոնց դու ընդունում ես այնպես, ինչպես ուզում ես: Իհարկե, այստեղ էլ կարող է լինել ուրիշ մարդկանց ազդեցությունը, որովհետև կարող ես մեկին ընդունել այնպես, ինչպես ուրիշը, սակայն դա նույն բանն է, որ ուրիշի մայրիկին ընդունես այնպես, ինչպես սեփականը:

Սերերի ընտրությունը թերևս միակն է, որ չի հանդիսանում պաշտոնական ընտրություն, որովհետև ընկերներին, այնուամենայնիվ, ընտրում ես, իսկ սերը ինքն իրեն է ընտրվում: Կարևոր է, որ չընտրություն լինի միայն սերը, որովհետև մնացած ամեն ինչը պարտավոր են լինել ընտրություն, նույնիսկ, եթե, չտրամաբանված: Սերը չի ենթադրում դառնալ ընկեր կամ ամուսին, ընկերոջը կամ ամուսնուն, որովհետև, ընտրում են: Իդեալական է, երբ ընկերն ու ամուսինը չընտրված սիրո ընտրված շարունակությունն են ու աշխարհի ամենակատարյալը:

Իմ չընտրված սերը, որ դարձավ իմ ամենաընտրյալը, իմ ամենահաջողակն ու ամենաերջանկությունն է, իմ անազատության ու ազատության սահամններն ու աշխարհի ամենասերը: Կարևորները երբեք ազատություն չեն տալիս ու դառնում են քո ազատության հանդեպ էգոիստ, ուզում են վերցնել ամբողջ ազատությունն ու կառավարել սեփական ստանդարտներին համաձայն: Դա կարևորի ու ազատության անվերջանալի պայքարն է, որը նույնպես անազատության արդյունք է, անազատ ընտրության արդյունք:

Լինել ինքնակառավարվող ու ինքնագոհ կամ…

DAC 2016-Պտղավան

Մի քանի օր առաջ համակարգչիս մեջ ինչ-որ բան էի փնտրում ու պատահաբար տեսա մի թղթապանակ(էս ինչ բառ ա :Դ ), որի անունը «ամառ 2016» էր. ես նայեցի էդ նկարներն ու որոշեցի մի քիչ գրեմ դրա մասին, որովհետև երևի դուք էլ եք մի քիչ մոռացել, հետո ալարեցի ու մոռացա, բայց իմ լրագրողական եսը թույլ չտվեց մոռանալ անմոռանալին :Դ
Պտղավանյան մի ամսվա կյանքը ես միշտ շատ հիշում եմ ու պատմում, որ չմոռանամ երևի :Դ,  բայց, իրականում, դժվար էլ մոռանամ: Ամենահավես երևույթներից մեկը մեր շատ շատ համերաշխ լինելն էր, որ ես երբեք ուրիշ ոչ մի ճամբարում չէի տեսել: Էդ անիմաստ բոլորավերաբերյալ կատակները էնքան բարի էին (չնայած մեկ-մեկ Ժոռան համը հանում էր:D)ու առհասարակ ինչքան շատ էինք մենք բամբասում մեզ չհասկացող ժողովրդից ու բոլորիս կապում էր իրանցից ներվայնանալու փաստը: Բոլորս հավաքվում էինք էդ խնդրի շուրջ ու կոնֆլիկտ լինում էր միայն էդ դեպքերում: Ամենաանմեղ ուրբաթ երեկոները, որ միշտ կիսատ-պռատ էր, ամենաներվայնացնող առավոտները, մանավանդ, եթե հերթապահ էինք, մեր աման լվանալու ամանները, բաժակ լվանալու բաժակները, ջրով լողանալու ջուրը ու առհասարակ էդ ինչ պայմաններում էինք մենք ապրում :Դ Մեր վերանորոգած մանկապարտեզը, որ տենց էլ կիսախավար ու կիսախարխուլ մնաց, մեր կառուցած ճամբարը, որ մանկապարտեզի վերանորոգելուն հավասար դպրոցն էինք ավիրում ու երբեք ոչ ոք չէր ասում, թե ով ա ջարդել էսինչ բանը: Կներեք, իհարկե, բայց քանի որ արդեն ձև չկա ինձ բան ասելու, ես խոստովանում եմ, որ միջանքից սպորտ դահլիճ տանող դուռը մի անգամ ես ջարդել եմ, բայց ես մեղավոր չեմ, քիչ էր մնում ընկներ գլխիս, ես ուղղակի փախա, որ չվնասվեմ :Դ Թե չէ ես կմնայի, մինչև ապպան գար, ուղղակի ցուրտ էր, ես էդքան չէի կարա սպասեի)))
Ես հիշում եմ մեր Թբիլիսի գնալը, որ մի մաս կա՝ չեմ հիշում, մեր Լաստիվերյան հստակ ճանապարհացույցը, այսինքն՝ ես, ու մենք կորանք սարերի մեջ :Դ Ես ոնց էի սիրում էդ առավոտյան դպրոցի բակում սուրճիկ խմելը, էդ մաքուր օդը, էդ էրեխեքիիին, աաա))) Իմ էրեխեքին ոնց եմ կարոտել))) Հետո հիշում եմ, որ մի անգամ ես, Սերգը, Ժոռան ու Ժոզեֆինը որոշեցինք գիշերել դրսում՝ քնապարկերի մեջ, բայց դա տևեց ընդամենը 15 րոպե :Դ Մեր իբր նվերները մեկս մյուսին, որ հետո կորցնում էինք կամ անտեսում:

Ես ուղղակի չգիտեմ ինչի շատ-շատ կարոտեցի էդ ժամանակները, բոլորը էնքան լրացնող էին էդ ճամբարը, ամեն մեկը յուրովի ու առանց որևէ մեկի էլ անհնար կլիներ էդ ամբողջությունը կազմելը: Ոչ մեկ մյուսին նման չէր գոնե մի քիչ ու, չնայած շատ տարբեր նախասիրություններին, մենք մի ամիս համատեղել ենք մեր առօրյան էդ բոլոր խնդիրների, դժվարությունների հետ ու վերջում հասկացանք, որ էդ դժվարությունները իրականում էնքան լավ բան տվեցին: Մեր երաժշտական շատ տարբեր ճաշակները ամեն առավոտ ընդհանրացնում էր Սյուզին՝ քնից հանելուց: Մեր սիրած ուտելիքը դառնում էր մեկը՝ էն, ինչ կա :Դ Մեր սիրած սոկը, որ տենց էլ իմ սիրածը չդարձավ, կռվի բուն էր :Դ Գիշերները թաքուն հաց ուտելը, սառնարանի մեջ ինչ-որ անիմաստ դեղեր գտնելը, ամանների ամանի մեջ ինչ-որ կողմնակի բաներ լվանալը, Սերինեի սիրելի բաղնիքը, մեր ռեստորանից ուշանալը, առհասարակ, մեր ռեստորանը… Ես հույս ունեմ, որ մի օր էլի դա կկրկնվի, որովհետև ես կարոտել եմ մեր դպրոցի խոհանոցի պատուհանագոքերը, որ աշխարհի ամենահարմար նստարաններն էին)))) Պաչ-պչ

Կյանքի միակ չհարմարվող ավարտաժամանակահատվածը

Իմ կյանքը չունի միազանգված ու միալար ճանապարհ, այն բաժանված է շատ ժամանակահատվածներիՙ ինչ-որ բաներից առաջ ու հետո, ընթացքում կամ արդեն ավարտին ու ես միշտ փոխվում եմ, լինում եմ համահունչ ու հանդուրժող, համբերատար ու շատ ինքնագոհ: Դրանք մի գծի վրա հատվածներով բաժանված չեն, այլՙ մեծ շրջաններ, իրարից միգուցե մի ահագին հեռու ու լցված շատ տարբեր կյանքերով: Երբ վերջանում է մի ժամանակահատվածը, ես երբեք չեմ փոշմանում, այլՙ թողնում ազատ ամեն ինչ ու սկսում հարմարվել նորինՙ ինձ զգալով բացահայտ երջանիկ: Հա, ես միշտ բացահայտ ու երևացող երջանիկ եմ, երբեք ոչ-ոք չի կասկածում իմ կենսախինդության, կյանքախինդության ու ինքնախինդության վրա ու ես դա թաքցնելու պատճառ չունեմ: Երջանկությունը կարող է լինել նաև ցուցադրական ու ձևավոր, սակայն այն պետք է լավ ցուցադրել ու ձևացնել: Ես միշտ վստահ եմ, որ իմ կյանքը ինձ չի հիասթափեցնի, քանի որ ես նրան շատ եմ սիրում ու սիրում եմ մարդկանց, որոնք նրա մասն են կամ մասը չեն, ներսում կամ դրսում, կողքից դիտորդ ու հետաքրքրասեր: Ինչի մասին, որ պետք է գրեմ, ահավոր դժվարանում եմ, որովհետև այս 21 ինքնագոհ տարիների ընթացքում առաջին անգամ ես չեմ ուզում ավարտել մի ժամանակահատված, որ նման է ու ընդհանրապես նման չէ մնացածին: Երբ չնման բայց նույնիմաստ երևույթներ տարբեր ժամանակահատվածներում միանում են քո կյանքին, դու չես էլ համեմատում, ես երբեք ոչինչ չեմ համեմատել, միշտ ձգտել եմ միակին, որ կարող է երբեք էլ իդեալական չլինել, կարող է իմ երազածն ու աշխարհիամենանախանձելին չլինել, բայց լինել սեր ու մեծատառով ու Ս տառով: Ես ուզում եմ անցնել աշխարհիամենադժվարությունների միջով ու հասնել քեզ, ես ուզում եմ հաղթահարել աշխարհիամենախնդիրներն ու ունենալ քեզ աշխարհիմինչևվերջ ու երազում եմ այն մասին, որ այժմյան մեծատառ Ս տառը լինի հավիտյան, իմ Ս տառը, իմ Ս սերն ու ստիպի մտածել, որ կառուցած իդեալներս ծիծաղելի են իր համեմատ ու իր իդեալականությունը երբեք չի հատել իմ երևակայությունն ու ես չէի կարող պատկերացնել այդպիսի մեկին: Իմ ժամանակահատվածները երբեք չեն գլորվել դեպի անդունդ, որովհետև շրջանները գտնվել են հարթության վրա ու միատոն լցրել են կյանքս, գծել են ժամանակահատվածի սահմաններն ու մի ամբողջ պտույտ կատարելուց հետո ինձ գցել մյուսի մեջ: Այս ժամանակահատվածը հեռու է բոլոր տեսակի հին շրջաններից ու գտնվում է ուրիշ հարթության, ավելի շուտՙ անհարթության վրա ու շրջանագիծը մեկ-մեկ ընդհատվում է, թողնում բաց տեղ, որ կանգնես ու մտածես հետագա գծի լիրության շուրջ, եթե պետք է ետ դառնաս, կամ եթե համարձակություն ունես, ցատկես ընդհատված հատվածում գտնվող ճահճի վրայով, սակայն դա վերջին ճահիճը չէ: Մեծատառ Ս տառով սկսվող ճահիճը նույնիսկ շատ գրավիչ է, սակայնՙ ոչ արդարացնող: Շրջանագիծը պետք է հաղթահարել, ես ուզում եմ դա հաղթահարել, ես ստեղծելու եմ նույն ժամանակարջանին բնորոշ շրջան առանց գծերի ու անծայրածիր ամենահավասար ու հարթ կյանքի վրա ու վայելել քեզ իմ ամբողջ տիրույթում ու աշխարհի բոլոր ժամանակներումՙ առանց որևէ հատվածների:

 

Առանց վերնագրի փոշմանելիք

Դու իմ կյանքի ամենափոշմանելիք սերն ես, իմ կյանքում պատահած բոլոր սերերից միակն ես, իմ կյանքում հանդիպած բոլոր փոշմանելիքներիցՙ ամենան))) Ես քեզ սիրում եմ, որովհետև դու անհանդուրժող ու աշխարհամիատեսաեսասեր ես, էս բառը առանձին գրեմ, որ հասկանաս. աշխարհ ա մի ա տես ա ես ա սեր. դու աշխարհը միայն քեզնով տեսնող եսասեր մեծատառով սեր ու իմ կյանքի աշխարհաերկուատեսմեզասեր մարդ :Դ Դու իմ աշխարհը բաժանել ես անհավասար մասերի ու դեռ էն մյուս մնացած փոքր մասն էլ մեծ գդալով ուտում ես, որ մենակ դու լինես միապետությունում ու աշխարհաերկուսը դառնա իմ ու քո երկուսը, որին, ես, ոնց որ թե, դեմ չեմ) Ես չեմ ուզում քո կերպարը պրիմիտիվացնել ու չեմ ուզում բացահայտել քո գժաառեղծվածային միասեր կերպարը, որովհետև դու էնքան համով ես իմ միապետության մեջ, ես չեմ ուզում, որ ուրիշների համար էլ դու լինես բացահայտված, ես քո նման խանդոտի մեկն եմ)) Ես երբևէ դեմ չեմ իմ փոշմանելիքներին, որովհետև դու, միևնույն է, մինչև վերջ պնդելու ես քո միասերը, քո միաաշխարհը, հետո ուզած-չուզած, շարֆի տեսքով նվիրելու ինձ, որ փաթաթեմ վզիս:) Ես սիրում եմ քո շարֆիկները, որ ինձ ձմռանը հաստատ տաքացնելու են ու սիրում եմ քո աննորմալ վերաբերմունքը, որ աշխարհի ամենասիրելի փոշմանելիքն ա, բայցՙ մեկ-մեկ: Ես սիրում եմ քո նեղանալն ու բարկանալը, որ երբեք չէի մտածի իմ էսքան ղզիկ դառնալու մասին, որ միշտ եղել եմ ինքնիշխան, բայց ոնց-որ անարդար կամ արդար արտահերթ ընտրությունների արդյուքնում ընտրվել ա աշխարհի ամենաոչհավանական տարբերակը, ու եթե նշում ես էս արտահայտությունըՙ էստեղ կամ սիրո մատն ա խառը, կամՙ անարդարի: Բայց քանի որ ես անարդարությունների կողմ չեմ, ես սիրում եմ իմ ընտրած սերը, որ մեկ-մեկ դառնում է փոշմանելիք ու իմ երազանքների ճանապարհների ուղեկից: Ու, ի դեպ, ինչ վերաբերվում է երազանք բառին, դա իմ սիրած բառն է, որովհետև երազող մարդիկ երբեք վատը չեն լինում ու անարդար չեն, սիրում են ընտրություններ ու ընտրությունն են սիրում))))

Մեծատառ Ս տառով Սեր

Երկար ժամանակ է, որ ոչինչ չէր գրվում իմ սեփական տարածքում, իմ ստեղծած աշխարհում ու միապետությունում, երևի, որովհետև, ոչինչ էլ չէր փոխվում ու իմ կյանքը դարձել էր պատահականությունների տեսության ապացույց ու խառն էր, ինչպես իմ ցանկացած պահարանՙ լինի հագուստի կամՙ մտքերի: Ես երբեք չեմ փորձել ցույց տալ իմ զգացմունքները, որովհետև, գուցե, ես էլ եմ մեծ ու մի քիչ հավատում եմ անթերի ոչինչ չլինելուն ու տանիքիս վրա դաջել եմ Ընձուղտիս նման չմաքրվող միտք, որը հիմա չեմ ասի: Այն, որ իմ Ընձուղտը ուտում է իր երազանքների Լուսինը, այն, որ նա արդեն մի քիչ էլ կերել է, հույս չէ այն բանի, որ Լուսինս մի օր ամբողջությամբ կկշտացնի մեզ ու այլևս չի երևա…  Եթե նույնիսկ ուտենք Լուսնիս, ես ուզում եմ իմ Ընձուղտին տալ աշխարհի բոլոր Լուսիններն ու մեծատառ Ս տառով Սերը: Եթե Լուսինները կարող են շատ լինել, ապա Ս-ն միակն է ու Սերը միակն է, որ կարող է մատուցել Լուսնի լույսը, վրայի կլորներն ու նույնիսկ քարերը, որոնք համով չեն լինի, բայց մատուցողը շատ է սիրալիր ու դու խաբվում ես աշխարհի բոլոր ժպիտներին, բոլոր գրավիչ լույսերին ու քեզ ես տալիս Ս տառով Սիրուն, խոստանում ինքդ քեզ, որ Ընձուղտիկը պիտի ուտի միայն իր բերած ափսեի Լուսիններն ու երբեք չտրտնջա լույսի շատությունից կամ քչությունից, միշտ լինի հնազանդ ու ուտի ամբողջությամբ: Իսկ Ընձուղտիսանման միտքը, որ դաջված է ոչ այնքան հաջող տեղ ու երբեք ոչ մի լավություն չի անում, մեծի նման մտածելու արդյունքն է, որ չպիտի հավատաս աշխարհի բոլոր հրաշքներին, չապրես քո կյանքը Լուսնի վրա, բայց տաս քեզ մեծատառով Ս Սիրուն… Ես չեմ բողոքում Ս-ից, բողոքում եմ դաջված մտքից, որ պիտի չլինի, քանի որ ես հավատում եմ աշխարհի բոլոր հրաշքներին ու ապրում եմ Լուսնի վրա, ես չեմ ապրում, մենք ենք ապրում, մենք քիչ ենք, բայց ստեղծած նոր միապետության մեջ իշխում է Ս տառով Սերն ու միշտ ճիշտ ժամանակին մատուցում Լուսինը… Ես սիրում եմ իմ ամբողջությունը, որ պտտվում է Լուսնի շուրջ, որի վրա նստած է իմ մեծատառ Ս տառով Սերն ու կերակրում աշխարհի ամենաբարի Ընձուղտիկին, որ միշտ լինելու է հնազանդ բոլոր ուտելիքների ու Ս տառերի նկատմամբ)))

Իմ տարօրինակ մասնիկ

ՈՒ անցնում է լիիիքը ժամանակ այն օրից, որ ինչ-որ գիծ կյանքի երկու գրեթե հավասար մասեր դարձրեց անհավասար, այնքան անհավսար, որ մեկը քիչ էր մնում դուրս գար դաշտից ու ապրեր ազատ. ազատ այնպես, ինչպես մի ժամանակ, այնպես, ինչպես միշտ՝ լիներ դա ինձ հետ, թե առանց ինձ, իմ դաշտում, կամ ոչ մի: Ու ակամա փոքրիկ մասը սկսեց հեռանալ ինքնակամ, որ ոչ ոք կողքից չհրի անընդհատ ու նեղություն չտա, անընդհատ չհիշեցնի իր մեծության մասին ու չստորացնի նրան, անընդհատ չխոսի իր մասին ու մոռացնել տա նրան: Իսկ մի վերջին պահին, որ ոտքի մի մասը արդեն դրսում էր, ներսից իր կյանքի դաշտը, իր սրտի դաշտն ու իր “հրեշտակը” հայտնվեց ու սկսեց պատմել միգուցե սուտ, բայց իր համար հավատալի պատմություններ, հիշեցրեց դեռ այն ժամանակները, երբ ինքը անասելի մեծ էր, որ կարող է վերադարձնել ամեն ինչ, միայն եթե ցանկություն ունենա: Բայց արդյոք կա այդ ցանկությունը…
Ու քանի որ սիրտը աշխարհում ամենազգայուն “ուղեղն” է, ու քանի որ նա է առաջնորդում մարդու քայլերը, խոսքը, ապրելակերպը, ոչինչ ու ոչ ոք երբեք այդքան գեղեցիկ չէր իր սրտի համար, որքան ներսի կամ արդեն կիսաներսի կյանքը, որ իր սիրտն էր, իր սերը, իր միակը. նա հիանում էր այդ կյանքով, նա սիրում էր այդ կյանքը ու դրա համար էլ երկու ոտքը դուրս դրեց ու գնաց…
Գնաց, որ չտեսնի նրան, որ հիշի այնպես, ինչպես կուզի, որ տեսնի այնպես, ինչպես կուզի, որ ուզի այնպես, ինչպես կուզի:
Գնաց իր համար երգեր երգելով, իր ուզածը երգելով, իր ուզածը լսելով, տեսնելով, հիշելով. նույնիսկ սկսեց երևակայել ու արդեն կորցրեց այն կյանքը, որին ինքը սիրում էր: Կորցրեց իր իրականին, սկսեց սիրել մի կյանք, որ իրենն էր և որը չկար, որ անասելի լավն էր, բայց որը չկար, որ անպայման կլիներ մի օր, բայց դե… չկար:
ՈԻ երբ սկսեց կառուցել այդ կյանքը, հիմքը դրեց երևակայության վրա, քարերը՝ երազանքի, տանիքը՝ սիրո…
Բայց քանի որ քայլերը հիմնված էին ամենաուժեղ ուղեղի վրա՝ գործը գլուխ բերվեց, և անպայման տանքին էլ դրվեց:
Կյանքը սեփական տանը տևեց անասելի երջանիկ, նա զգաց իրեն միակը, սերը, կյանքը, նա զգաց իրեն այն մեկը, ով կարող է ամեն ինչ դառնալ, լինել, կարող է լինել ամենացանկալին, ամենան… ինքն իր համար… ու ինչու՞ ինքն իր համար… որովհետև կյանքը, ուղեղն ու ամենաուղեղը ուրիշ ոչ ոքի չգիտեին, որովհետև բոլոր երազանքների կենտրոնում ինքն էր ու դրա համար էլ տանիքը փուլ եկավ ու տրորեց երազանքե պատերն ու երևակայական հիմքը…

Վերադարձի համար ճանապարհ չկա

Մի ճանապարհ կար, որ տանում էր դեպի չուզած վայր, որին չէիր ուզում, բայց շարունակում էիր գնալ, որի վերջնակետը չէր երևում, բայց մինչ այդ հանդիպող բոլոր մանրուքները պարզ էին ու սպասելի, հանդուրժող, բայց անցանկալի ու կյանքը ինքնին դառնում էր հանդուրժողականության գլուխգործոց, դառնում էր սահմանում, որը ուներ անասելի փոքր սահմաններ, ուներ սահմանափակություն, ուներ կոնկրետ ու հստակ օրենսդրություն ու հզոր իշխանություն, որին չենթարկվելն անհնար էր:
Ճանապարհը ոչ երկար էր, ոչ` կարճ, ոչ դժվար էր, ոչ` դյուրին, ոչ էլ` շատ դուրեկան: Մի ճանապարհ կամ պետություն, որ ունենա մի հոգանոց իշխանություն և մի հոգանոց բնակչություն, կարող է լինել հենց այդ կյանքի սահմանումը, կարող է լինել հանդուրժողականության սահմանումը, կարող է լինել աշխարհի ամենասահմանափակ սահմանումը: Մի բան հստակ է` հասնելով վերջնագծին ու ներքաշվելով այդ միապետության մեջ` կարող ես մոռանալ մնացած բոլոր պետությունների, սահմանումների, ուղիների մասին, կարող ես մոռանալ թեկուզ մի քանի տասնյակ հասարակություն ունենալու մասին, այս տարածքում, լավագույն դեպքում, կավելանա մեկ կամ երգու հոգի` ըստ ցանկության կամ պարտականության:)))
Այնուամենայնիվ, մի քիչ հոգնելով այս կարճ, բայց ԱՆսիրելի ճանապարհից, մի քիչ գնում ես ուրիշ կողմ` դեռ չհասած սահմանակետին, դեռ չներքաշված հայտնի անհայտնության մեջ, չես էլ պատկերացնում, որ արդեն ուշ է նոր իշխանություն ճանաչելու կամ ընդհանրապես Չճանաչելու համար, որ արդեն ուշ է ու դժվար ուրիշ հասարակության մեջ հարմարվելու համար, որ արդեն ուշ է նոր սովորությունների համար, ուրիշ կրոն, ուրիշ սահմանադրություն, կյանքի ուրիշ սահմանում ընդունելու համար, ամեն ինչ փոխելու, քո սիրելին դարձնելու համար:  Ու երբ անցնում է որոշ ժամանակ, երբ հասկանում ես, որ քո սիրելի ուղին իրականում քոնն էր, բայց քոնը չի, մի քիչ էլ ես պայքարում, բայց այնուամենայնիվ գնում ես վարժեցված ճանապարհով` կամ վախից, կամ Չվախից, կամ ցանկանալով, կամ` ստիպված ու գնում ես քո համար քո ճանապարհով, որ հետո լինի իր համար, իր ուզելով, իր գծած ճանապարհով, կարոտում ես մի քանի կիլոմետր հաղթահարած ուրիշների կանաչ կյանքն ու գնում քո սև ու անխոստումնալից սահմանով` դառնալով սահման սահմանի համար:

Կյանքի խաչմերուկի լուսամփոփի տակ

Լինում են պահեր, երբ նյարդայնանում ես կանաչի կտրուկ անցումից դեպի նարնջագույն ու կարմիր, որովհետև շտապում ես հատել այն սահմանագիծը, որտեղից դեպի նպատակակետ մեկ խաչմերուկ պակաս կլինի․․․ Լինում են պահեր, երբ ուզում ես կարմիրին տեսնել անվերջ․ ուզում ես, որ լուսամփոփը փչանա ու դու մնաս այդտեղ հավիտյան, ուշանաս այդ վայրից այնքան, որ բոլորը գնան ու դու մնաս առանց ոչինչ ասելու։ Սակայն․․․ վերջաբանը լինում է նույնը․․․ դու այդտեղ էիր գնում հաջողություն ասելու, իսկ հաջողությունը ինքն իր ձեռքով եկավ քո մոտ։ Սակայն․․․ լուսամփոփը գրեթե երբեք չի փչանում ու դու, միևնույն է, կհասնես քո կետին․ այն կետին, որ քո համար հարազատ էր ու նողկալի է, որ սիրելի էր ու վանող է, որ երազանքների կենտրոնն էր ու կյանքի բոլոր անախորժությունների դեսպանատունն է։ Սակայն․․․ դեսպանատնից դեպի երազանքների երկիր տանող ճանապարհ նույնպես կա։ Երբ անցնում ես դեսպանատան բոլոր արգելքներն ու հունից հանող հարցերի լրացումը, մի կերպ հասկացնում ես քո ուզածը, քեզ դիմավորում է մյուս խաչմերուկը, որը քո երազանքն է, որը քո այդքան սիրելի կանաչոտ ու կանաչի ճանապարհն է, որը քո այդքան անկարմիր երազանքն է։ Սակայն․․․ Լինում են պահեր, երբ աշխարհի բոլոր փողոցները կատարյալ մաքրությամբ սպասում են քեզ, երբ բոլոր լուսամփոփները կանաչով սպասում են քեզ, իսկ քո մեքենան փոշմանում է ու փչանում։ Կոտրում է քո բոլոր թևերը, ստիպում է սպասել իր հետ, մտածել իր մասին, չմոռանալ իր մասին ու ամենայն չարությամբ ծիծաղում վրադ․․․ Բայց եթե դա կանաչ խաչմերուկի ճանապարհն է, նպատակակետը անպատճառ և անսահման համբերությամբ կսպասի քեզ, կսիրի քեզ և կսպասի․․․ Ես․․․Քեզ․․․Ամեն ինչ․․․

Գտնված ու պահպանված պայծառություն

Կյանքի ամենավերջին տարին, որ դեռ վերջինը չէ, բայց միգուցե վերջինն էր, ոչ մի փոփոխություն չէր լինում, քամին միշտ մի ուղղությամբ էր փչում, փողոցի ամբողջ աղբը գալիս էր իմ ուղղությամբ ու աշխարհի բոլոր տոպրակները հագնում էին ոտքերիս անվերադարձ։ Մեկ տարի, որ այդքան կարճ ու երկար տևեց, փոխեց իր օրացույցը հազար անգամ, հազար անգամ փոխեց դեմքերը, վայրը, գլխավոր ու երկրորդական հերոսներին, կարդաց իմ համար թատրոնի բոլոր ողբերգությունների սցենարները, ինձ նստեցրեց պարտերի հենց սկզբում ու բոլոր դերասաններին թքել տվեց վրաս։ Ժպիտով ողջունեց, բայց երբ տեսավ, որ ձեռքիս տոմս չկա ու ես չեմ պատկանում այդ միջավայրին, ծաղրածուի երկրորդ դիմակը դրեց ու ջղային դեմքով հանեց թատրոնից՝ մեկ այլ, բայց այս անգամ արդեն չգիտակցված ողբերգությամբ ուղեկցելով ինձ մինչ օրս։
Ոչ մի պահակ, աշխատակից ինձ չպաշտպանեց, հետո ինչ, որ տոմս չունեի, դահլիճում նույնիսկ մարդ չկար․․․ Ես ՁԵԶ չէի խանգարի, և հետո, էլ ում պետք է ծաղրեիք․․․
Երբ փորձեցի արդեն տոմս գնել, պարզվեց, որ բոլոր ներկայացումները ավարտված են, թատրոնն այլևս չի աշխատում ու բոլորին ուղեկցում են իրենց ծաղրածուները(բայց ոչ բոլորն են իմ ծաղրածուի նման):
Կյանքի ամենաաննախանձելի ժամանակահատվածում ջրի հոսքը կանգ առավ, լույսերը մարեցին, ելքը կորավ, սկսվեց երազանքի օրացույցը, որ ամեն օր ոչինչ չէր տալիս,  բայց ամեն օր մի երազանք էր բացահայտում։
Երբ լույսը հայտնվում է մութ, փակ սենյակում, դադարում է լույս լինելուց, ինչպես այն բոլոր լուսավորները, որ դադարել են լույս լինելուց։ Նրանք սպասում են լույսին, բայց չգիտեն, թե որն է դա․ այնքան է ուղեղը մթագնում, որ շուրջը երևում է միայն իր շուրջը, որ սերը երևում է միայն այն, ինչ տալիս են, որ կյանքը թվում է այնպիսին, ինչպիսին մատուցում են․․․
Այնուամենայնիվ, այն բոլոր հրաշալի բանվորները, որ մութ սենյակում պատուհան են կառուցում, դառնում են օրացույցի ամենակարմիր նիշը, սրտի ամենավառ մասնիկը, կյանքի ամենալուսավորն ու պայծառը։ Կյանքի ամենագտնվածն ու ամենապայծառը․
իհարկե, ոչ բոլորն են գտնում որակյալ բանվորներ, որոնք չեն խմի և այսօրվա գործը չեն հետաձգի այնքան, մինչև բոլորը ձեռ քաշեն ու վռնդեն նրան, որ պատուհանը կբացեն այնպես, որ լույս գա, որ երևա բոլորի երանելի Մասիսը, ով ոչ թե Մասիս է, այլ՝ ով․ որ ով է, որովհետև մարդ է, լեռի, սարի, ժայռի նման ուժեղ մարդ, ով քո լույսն է, քո սենյակի, ապրելավայրի միակ լույսի աղբյուրը, ով քեզ ձգում է քո մարմնի, սրտի, հոգու յուրաքանչյուր մասնիկով, օրգանով, ով քեզ ձգում է սրտով, հոգով․․․ սրտով ու հոգով․․․ քո սրտով ու հոգով․․․ քո սրտով ու քո հոգով․․․ ես քեզ․․․ ամեն ինչ․․․